«Փյունիկի» ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու Նորվեգիա մեկնած պատվիրակությանը Բուդյոյից Երևան տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի օդանավակայանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։
Պատճառը օդանավի շարժիչի խափանումն է եղել։
Նշենք, որ «Փյունիկ» ՖԱ-ի անձնակազմը վերադառնում էր Նորվեգիայից, որտեղ անցկացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ։
«Անձնակազմը էվակուացվել է։ Այս պահին մարզիկները գտնվում են Օսլոյի օդանավակայանին մոտ հյուրանոցում»,– հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։
Թե երբ հնարավորություն կլինի վերադառնալ Հայաստան, դեռևս հայտնի չէ։
Այդ իսկ պատճառով «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 14-ին, հետաձգվել է։