Ստեփանակերտի բնակիչներին հորդորում են հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը
Արցախի Հանրապետությունում գործող «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հորդորում է Ստեփանակերտի բնակիչներին հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝ արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:
Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը»,- նշված է հաղորդագրության մեջ։