Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու որոշման դեմ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավոր Բորիս Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատական ակտն անփոփոխ թողնելու որոշման դեմ։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։
Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին՝ թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանն առանց պաշտպան չի ցանկանում ներկայանալ։
Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, իսկ չներկայանալու դեպքում դատավորը կարող է նրան բերման ենթարկելու կամ խափանման միջոցն ավելի խիստով փոխելու որոշում կայացնել։ Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել՝ կալանավորումը։
Մկրտչյանն արգելանքի է վերցվել։ Երկու շաբաթ անց նշանակված դատական նիստին նա կալանավայրից է ներկայացվել դատարան, որտեղ հայտնել է, որ նախորդ դատական նիստին իր պաշտպանի հորդորով չի ներկայացել։ Այդ օրը դատարանը քննության առարկա է դարձրել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու հարցը՝ մինչ այդ հարցաքննելով Նվեր Մկրտչյանին։
Մանվել Փարամազյանի կալանավորման հիմքում դրված է եղել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը դեռևս չի հարցաքննվել, առկա է նրա վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ։ Փարամազյանի պաշտպանները դատարանին միջնորդել են փոխել ապացույցների հաջորդականությունը, և Նվեր Մկրտչյանին հարցաքննել ոչ թե դատաքննության ավարտին, այլ այդ նիստի ընթացքում՝ այդպիսով չեզոքացնելով Փարամազյանի կողմից Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Մկրտչյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ։
Նշենք, որ դատական քննության ցանկացած փուլում ամբաստանյալն իրավունք ունի ցուցմունք տալու։ Նվեր Մկրտչյանի ցուցմունքից հետո արդեն պաշտպանական կողմը միջնորդել է Փարամազյանին ազատ արձակել, և դատավոր Բախշիյանը որոշել է նրան 70 մլն դրամ գրավով ազատել։ Նախորդ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ պարզաբանումը լսելուց հետո դատավոր Բախշիյանը որոշել է կալանքից ազատ արձակել նաև Նվեր Մկրտչյանին, այսինքն՝ Մկրտչյանը կալանքի տակ է մնացել 2 շաբաթ։
Մկրտչյանը կալանավորվելուց հետո բողոքարկած է եղել կալանքի որոշումը, սակայն ազատ արձակվելուց հետո բողոքը հետ է վերցրել։ Ինչ վերաբերում է Դատախազությանը, թեև գործով դատախազը դեմ է եղել Մկրտչյանին կալանավորելու որոշմանը՝ վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ այն ակնկալիքով, որ օրենքով Նվեր Մկրտչյանի բողոքի քննությանը դատախազը պարտավոր է ներկայանալ, այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնի։ Դատախազի ակնկալիքը, սակայն, չի արդարացել, քանի որ Նվեր Մկրտչյանը, փաստորեն, հետ է վերցրել իր բողոքը։
Ստեղծվել է մի իրավիճակ, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կայացրած մի դատական ակտի համար, որի օրինականությունը Դատախազությունը վերաքննիչ դատարանում չի վիճարկվել։ Նշենք նաև, որ ի սկզբանե Բորիս Բախշիյանին վերագրվում էր ոչ ավելի խիստ արարք՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։ Որպես ծանր հետևանք Դատախազությունը համարում էր այն հանգամանքը, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավայրում ճնշում է գործադրել, որպեսզի Մանվել Փարամազյանի դեմ տված ցուցմունքից հրաժարվի։
Այսինքն՝ կալանավայրում տեղի ունեցած մեկ այլ ենթադրյալ հանցագործությունը դիտարկվել էր որպես դատավորի կողմից Մկրտչյանին կալանավորելու անուղղակի ծանր հետևանք, բայց գործն, ի վերջո, դատարան է ուղարկվել ավելի մեղմ հոդվածով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը։ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, որոշել է արդարացնել Բորիս Բախշիյանին։
Այս որոշման դեմ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ու որպես պատիժ նշանակել հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը, որի դեմ, փաստորեն, վճռաբեկ բողոք է ներկայացվել։
Ըստ Դատալեքսում առկա տվյալների՝ Վճռաբեկ դատարանում գործով զեկուցող դատավորը Սերժիկ Ավետիսյանն է։