Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 22-ի
Վրաստանում փրկարարները սողանքի ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի շրջանում։ Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի։ Իրականացվում են 11 անհետ կորածների որոնումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
«Մարմին է հայտնաբերվել Ռիոնի (գետի) հունում, և ներկայումս միջոցներ են ձեռնարկվում մարմինը դուրս բերելու համար», - Մղեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Փրկարարական ծառայության ղեկավարը հայտնել է, որ մարմինը հայտնաբերվել է տարերքի էպիկենտրոնից 20 կմ հեռավորության վրա։ Մղեբրիշվիլին նաև նշել է, որ որոնումների գոտին ընդլայնվում է, և մեկ օրվա ընթացքում նախատեսվում է հասնել որոնողական աշխատանքների 54-կիլոմետրանոց պարագծին։
Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ գրունտ։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա: