Մոսկվայում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել
Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել է անօդաչու թռչող սարք, որի բեկորներն ընկել են Կարամիշևսկայա առափնյակի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում։
«Մեկ անօդաչու թռչող սարքով փորձ է արվել թռչել քաղաքի վրայով: ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն ոչնչացվել է: Կարամիշևսկայա առափնյակի տարածքում բեկորներ ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել», - գրել է նա։
Քաղաքապետը հավելել է, որ միջադեպը լուրջ վնասների չի հանգեցրել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին պարզաբանել է, որ Կիևի վարչակարգը փորձել է ԱԹՍ-ով հարվածել Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտի։ Ըստ գերատեսչության՝ անօդաչու թռչող սարքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, այն ընկել է անտառում։
Ըստ «РИА Новости» գործակալության՝ ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ Կարամիշևսկայա առափնյակի տարածքում պայթյուն է որոտացել։ Նրանք նշել են, որ տներում ցնցվել են ապակիները, մեքենաների ազդանշանները միացել են։