Փոփոխություններ արձակուրդների տրամադրման կարգում․ կարևոր՝ աշխատողների համար
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ մայիսի 3-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ 81 կողմ ու 0 դեմ ձայնով՝ օրենսդիրը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագծին։ Ըստ այդմ՝ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվում են 122-ը։
Վերանայվել են նաև արձակուրդի կարգավորումները՝
-եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի.
-ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը.
-մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։
Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել և գործում են հուլիսի 31-ից։
Հարկ է նշել, որ փոփոխություն է կատարվել նաև Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածում, հոդվածը խմբագրվել և լրացվել է այսպես․
1. Ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի գրավոր դիմումով կամ գրավոր համաձայնությամբ, այդ թվում, երբ աշխատողը`
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով (նպատակային արձակուրդի տեսակները) նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք,
3) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում.
4) մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
4. Աշխատողը պահպանում է ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:
5․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք` աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում աշխատողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված որևէ հանգամանքով։
Հավելենք, որ այս հոդվածի նոր լրացված՝ 5-րդ կետն ունի անցումային դրույթ և այն ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։