Բայդենը խնդրել է Կոնգրեսից 24 մլրդ դոլար Ուկրաինային օգնության համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրես հայցադիմում է ուղարկել՝ լրացուցիչ 24 մլրդ դոլար հատկացնելու մասին՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, տեղեկացրել է news.am-ը։
Մասնավորապես, 13,1 մլրդ պետք է հատկացվի Կիեւին ռազմական օգնության եւ դրա հետ կապված՝ Պենտագոնի զինանոցը համալրելու համար, 8,5 մլրդ՝ տնտեսական, հումանիտար եւ այլ օգնության համար Ուկրաինային եւ այլ երկրների, 2,3 մլրդ՝ այլ դոնորներից Ուկրաինայի իշխանությունների ստանալիք օգնությանը։
ԱՄՆ վարչակազմը ակնկալում է ստանալ 12 մլրդ դոլար տարերային աղետների հետեւանքների վերացման եւ 4 մլրդ դոլար՝ սահմանների պաշտպանության համար։ Ընդհանուր գումարը հասնում է 40 մլրդ դոլարի։
Ինչպես հիշեցրել է «Ինտերֆաքսը», նման հայցադիմում Սպիտակ տունը Կոնգրես է ուղարկել 2022թ. նոյեմբերին՝ ավելի քան 37 մլրդ դոլար։ Արդյունքում՝ դեկտեմբերին Կոնգրեսը հավանություն է տվել 45 մլրդ դոլարի հատկացմանը՝ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ գծով ԱՄՆ դաշնակիցների համար։
Բայց հիմա, ինչպես նշել է Associated Press-ը, կոնգրեսականների միջեւ տարաձայնություններն ավելանում են Ուկրաինայի հետագա օգնության նպատակահարմարության հետ կապված։ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկսվելու պահից ԱՄՆ-ն հավանություն է տվել Կիեւին 113 մլրդ դոլար հատկացնելուն։ Այդ միջոցների մի մասը տրամադրվել է ամերիկյան զինանոցներին, որոնցից սպառազինություն է մատակարարվել ուկրաինացի զինվորականներին։