Ոստիկանության պաշտոնյան կեղծել է պաշտոնական փաստաթղթերը եւ յուրացրել 49 մլն 472 հազար դրամ
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՊՊԳ վարչություն) Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խ.Ա.-ն 2013-ից 2018 թվականների ընթացքում մի խումբ անձանց օժանդակությամբ յուրացրել է 49 մլն 472 հազար 474 դրամ եւ կեղծել պաշտոնական փաստաթղթեր: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։
Քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության պայմանագրեր: Տարբեր տարիներին Ոստիկանության ՊՊԳ վարչության պետ հանդիսացած Ռ.Մ.-ն, Վ.Մ.-ն եւ Ա.Զ.-ն Խ.Ա.-ին հրահանգել են վերոնշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին:
Այնուհետեւ, Խ.Ա.-ի հանձնարարությամբ նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա.Ա.-ն յուրաքանչյուր ամիս առձեռն հավաքագրել է օբյեկտների պահպանության իրականացման համար կնքված պայմանագրերով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն փոխանցել է Խ.Ա.-ին: Խ.Ա.-ն, հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, տարբեր տարիներին բաժնի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս.Վ.-ի եւ Գ.Ա.-ի հետ, նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաշվետվությունները:
2023 թվականի հուլիսի 21–ին դատախազը Խ.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը եւ պաշտոնեական կեղծիք կատարելը), Ա.Ա.-ի, Ռ.Մ.-ի, Ա.Զ.-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակմանն օժանդակելը), Գ.Ա.-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
2023 թվականի օգոստոսի 11-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան: