Եվրամիությունը դատապարտել է Էկվադորում նախագահի թեկնածուի սպանությունը
Եվրամիությունը խստագույնս դատապարտում է Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Բռնության այս ողբերգական գործողությունը նաև ոտնձգություն է Էկվադորում ինստիտուտների և ժողովրդավարության դեմ: ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Էկվադորի կառավարությանն ու ժողովրդին, մասնավորապես, պարոն Վիլյավիսենսիոյի ընտանիքին, այս դժվարին պահին: Այս զազրելի հանցագործության մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 10-ին Բրյուսելում։
Բորելը նշել է, որ ընտրություններում բոլոր թեկնածուներին պաշտպանելու ուժեղ միջոցները վճռորոշ են ազատ ժողովրդավարական ընտրական գործընթաց ապահովելու համար։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու էկվադորյան ժողովրդավարությանը և օգնելու խաղաղ ժողովրդավարական ընտրություններ ապահովելու ջանքերին։