Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ
Անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլի տեսքով» ռումբ են նետել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ: Ոչ ոք չի տուժել, պայթուցիկը չի գործել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից։
«Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել են դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք հանցագործներին հայտնաբերելու համար», - հայտնել է Expressen թերթի աղբյուրը ոստիկանությունում:
Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 10-ի գիշերը։
Ինչպես նշվում է թերթի հաղորդագրության մեջ, ոստիկանությունը ենթադրում է, որ ձախողված գրոհը կարող է ինչ-որ կապ ունենալ Շվեդիայում Ղուրանն այրելու հետ։
Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի խոսքով՝ կառավարությունը լրջորեն է վերաբերվում միջադեպին։ Նա ընդգծել է, որ վերջին շաբաթներին Շվեդիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել երկրների դեսպանատներում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը: