Եթե թուրքը չվախենա մեզանից՝ ամեն ինչ անելու է, նույնիսկ մինչև Երևան գալու է, լավ իմացեք․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
«Հրապարակ»-ը հարցազրույց է անցկացրել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ․
-Տեր Հովհաննես, օրեր առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը եւ Արցախը դարձել է մի մեծ համակենտրոնացման ճամբար, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Սա դատավճռի պես է հնչում, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն Արցախում, ի՞նչ ճանապարհներ կան հաղթահարելու ստեղծված իրավիճակը:
-Նախեւառաջ, ես տեսնում եմ մեր հայ ժողովրդի անտարբեր լինելն այս իրավիճակի նկատմամբ, սկսած Հայաստանից, նրա իշխանություններից ու սփյուռքից: Այսօր մենք բոլորս դարձել ենք հռետորներ, միայն խոսում ենք, իսկ բեմահարթակներից այնպիսի ճառեր ենք ասում, կարծես երկնքից ենք իջել, բայց ես տեսնում եմ, որ ազգովի պետք է ապաշխարհենք, ուրիշ ճար չունենք, մեղքի մեջ ենք: Մեր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ պետք է ապաշխարհենք ու մաքրվենք: Մինչդեռ եկեղեցուն դեմ ելանք, քրիստոնյան քրիստոնյային, որ մեռոն ունի ճակատին, ասում է` թուրք եւ այդ քրիստոնյան ընդունում է դա ուրախությամբ: Դա մահացու մեղք է եւ մեր ժողովրդի մեջ շատ- շատ են մարդիկ, որոնք ունեն անդուռ բերաններ ու անսանձ լեզուներ: Պետք է փակենք այդ բերանները եւ սանձենք այդ լեզուները: Ամեն մարդ կարողանում է վարկաբեկել մեր հավատքը, մեր հոգեւոր հայրերին, հոգեւոր առաջնորդին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, բայց խոսքը որտեղի՞ց է գալիս` լեզվից, հոգուց: Մենք ահավոր մեղքերի մեջ ենք, մինչեւ չապաշխարհենք, չմաքրվենք, չմիանանք, այս ամենն ավելի վատ հետեւանքների կհանգեցնի: Նորից եմ կրկնում` անտարբերությունն այսօր շատ մեծ ցավեր է ծնում եւ շատ աղետների պետք է հասցնի: Հայ քրիստոնյան գտնվում է մի դրախտավայրում, որը չի ուզում ձեռքից բաց թողնի, որովհետեւ Աստված է մեզ տվել այդ դրախտավայրը ու ոչ միայն արցախցիներին, այլեւ հայ ժողովրդին: Արցախ աշխարհը հայ ժողովրդի պարգեւն է իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով եւ մաքրեմաքուր հայերով, որ երբեք իրենց արյունը ուրիշների հետ չեն խառնել, բայց այսօր մենք անտարբերությամբ հետեւում ենք, թե ինչպես են իրեն ցեղասպանում: Ես վստահ ասում եմ` չի ցեղասպանվի, Աստված չի թողնի, որ ցեղասպանվի: Միեւնույն ժամանակ այսօր Հայաստանի ռեստորաններում, սրճարաններում տեղ ու դադար չկա, ժողովուրդը քեֆերի մեջ է, բայց ո՞րն է մեր քեֆերի իմաստը, որ 5 հազար զո՞հ ունեցանք եւ տարածքնե՞ր կորցրեցինք թե Արցախում, թե Հայաստանի որոշ մասերում եւ այսօր քեֆերի մե՞ջ ենք: Սա՞ Է մեր ուրախությունը, այսքանից հետո մենք պետք է սգի մեջ լինենք, ապաշխարհության ու աղոթքների մեջ, ոչ թե քեֆերի: Այ սա է մեզ բերում հումանիտար աղետի ու ճգնաժամի: Հացի կարոտը, որ այսօր ունի երեխան` ցավ է, եւ մարդիկ պետք է աղոթեն` «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր», բայց չեն ասում, Տիրոջը չեն դիմում, դրա համար էլ այս օրին ենք:
- Տիրոջը դիմելու փոխարեն միջազգային կառույցներին են դիմում, որոնք կարծես սպասողական վիճակում են, հետեւում են զարգացումներին, բայց քայլեր չեն ձեռնարկում: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը այս լռության, ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում:
-Մենք ուզում ենք խրախճանքների մեջ լինել, բայց դրսի պետությունները մեզ օգնեն, մենք ասում ենք Արցախը միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում եւ մարդիկ` պատմաբաններ, գիտնականներ, պարզապես ազգի զավակներ լռում են: Սա էլ հո թուրքը չի ասում, հայն է ասում ու բոլորը լռում են, այ սա է խնդիրը, իսկ սփյուռքը սպասում է, թե մենք երբ ենք համախմբվելու, բայց մենք միասնական չենք: Մենք ասում ենք` թող ռուսը, ամերիկացին կամ եվրոպացին մտածի դրա մասին, ոչ, սա 21-րդ դարի ցեղասպանություն է եւ ամբողջ աշխարհը ինֆորմացված է այս ամենի մասին: Մենք պետք է ցույց տանք, որ իրոք հայ ենք, քրիստոնյա, ունենք մեր Աստվածը, եկեղեցին եւ օջախը, պետք է ապացուցենք դա, բայց չենք անում, փոխարենը ուզում ենք, որ Ամերիկան գա մեր տունը ու երեխաներին պահի: Ամերիկան լավ գիտի, որ այսօր հացի խնդիր կա, ինչպես որ լավ գիտեր, որ 2020թ-ին Ադրբեջանը մեզ վրա օգտագործեց արգելված զենք` ֆոսֆորներ, ի՞նչ արեցին` ոչ մի բան: Ես ոչ մի պետության ու կառույցի չեմ հավատում, ոչ ՄԱԿ, ոչ Հաագայի դատարան, ոչ Կարմիր խաչ, որի ձեռքից մարդ են առեւանգում, բայց չի կարողանում տեր կանգնել: Եկեք մենք մեզնից սկսենք, մաքրենք մեր ներսը եւ կտեսնենք, որ առաջ կգնանք: Եթե մենք չսկսենք, չմաքրենք մեր ներսը, ահավոր բաներ է սպասվում, այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ 30 հազար երեխա շրջափակման մեջ է եւ հանապազորյա հացի խնդիր ունի, բայց ո՞ւր են, ինչո՞ւ չեն գալիս, օգնում, եւ չեն օգնի, որովհետեւ մենք պետք է ոտքի կանգնենք, ժողովուրդ, ոտքի ելեք, սրբենք մաքրենք մեր դավաճաններին ու հողատուներին:
-Ժողովուրդն առաջնորդ է փնտրում, ում շուրջ կարողանա համախմբվել, բայց քանի որ չեն գտնում` նորից հուսահատվում են:
-Եթե առաջնորդը դավաճան չէ, պետք է համախմբվել առաջնորդի շուրջ: Ունենալ մեկ առաջնորդ, ով կարող է ղեկավարել, բոլորս հավաքվենք այդ առաջնորդի շուրջ, որովհետեւ ում էլ որ նշանակենք, մեկ է, մի բան պետք է ասեն, բայց պետք է մեկին լսել համախմբվել առաջնորդի, եկեղեցու, հավատքի շուրջ եւ գնալ առաջ: Եվ եթե մենք զենք չվերցնենք` հայի, զինվորի պատիվը պիտի կորչի, նաեւ զոհերի պատիվը, որոնց արյունը չի չորացել Արցախի հողի վրայից, բայց մենք մոռացել ենք դա եւ արդեն խրախճանքների մեջ ենք: Սա է խնդիրը, միայն զենքով կա հային փրկություն եւ հարցի լուծում: Ինչպես ասում են` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, այսօր մեզ ոչ ոք չի հարգում, ոչ մի պետություն, պարտված ժողովուրդ ենք եւ չունենք առաջնորդ:
-Այսինքն՝ ամեն հնարավոր սցենարների պետք է պատրաստ լինենք, այդ թվում` զենքով պաշտպանելու մեր հողը:
-Դժվար բան եմ ասում, բայց մեր մայրերը այսօր պետք է լինեն Սոսե մայրիկներ, վերջ, սա է մեր փրկությունը: Եթե թուրքը չվախենա մեզանից` ամեն ինչ անելու է, նույնիսկ մինչեւ Երեւան գալու է, լավ իմացեք սրա մասին: 90-ականներին թուրքը մեր անունը լսելով զարհուրում էր, փախչում էր, այսօր մեզ ձեռ է առնում, մեր մշակույթը, լեզուն, գրականությունը, մեր հայրենասիրությունը, ամեն ինչ ոտնատակ է տվել: Թուրքը հիմա դարձել է աշխարհի ամենահզոր պետությունը, իսկ հայ ժողովուրդը դարձել է պետություն, ազգ ու մշակույթ չունեցող մի ժողովուրդ: Մենք պետք է ապաշխարհենք, մաքրվենք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը ստանանք, զորանանք, միավորվենք եւ այս իրավիճակից դուրս գանք, թե չէ հետեւանքները ծանր են լինելու: ժողովուրդ, ոտքի՛, իմ հույսը իմ հայ ժողովուրդն է եւ ես իմ ժողովրդին ճանաչում եմ եւ գիտեմ, որ իմ ժողովուրդը պետք է արթնանա, բայց պետք է շուտ արթնանա, որ կարողանանք այս իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալ: Ամսի 13-ին Աստվածամոր վերափոխման տոնն է, գոնե այս մի քանի օրը բոլորս ծնկի գանք աղոթենք, մաքրվենք, Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք, որպեսզի կարողանանք փրկել եւ Արցախը եւ արցախցիներին եւ հայ ժողովրդին: Արցախը Հայաստանի դարպասն է, բայց արդեն դարպասը բաց է, պատկերացրեք, որ մտնելու են, իսկ արցախցիները հայ ժողովրդի սահմանապահներն են, եկեք միանանք իրենց, մեր թիկունքը եթե ուժեղ եղավ` հաղթելով կհաղթենք: