ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր տարբերակի ակտիվ տարածման մասին
COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Էրիս» անվանումը, է՛լ ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայում առողջության համար գլոբալ մասշտաբով ցածր ռիսկ է ներկայացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի տեղեկագրում։
«Հիմնվելով առկա փաստական տվյալների վրա՝ հանրային առողջության համար ռիսկը, որն ստեղծել է EG.5-ը, գլոբալ մակարդակով գնահատվում է որպես ցածր, ինչը համապատասխանում է այն ռիսկին, որը կապված է XBB.1.16-ի (Omicron-ի ենթատարբերակ) և COVID-19-ի` ներկայումս շրջանառվող այլ տարբերակների հետ», - փաստաթղթից հատված է մեջբերում РИА Новости գործակալությունը:
Սակայն ԱՀԿ-ի փորձագետները կարծում են, որ իմունիտետից պաշտպանվելու հատկությունների շնորհիվ «Էրիսը» կարող է հանգեցնել հիվանդացության աճի և գերիշխող դառնալ առանձին երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում:
«Ամբողջ աշխարհում դիտվում է EG.5-ի գրանցված դեպքերի կայուն աճ: 29-րդ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում (2023թ. հուլիսի 17-ից 23-ը) EG.5-ի գլոբալ տարածվածությունը կազմել է 17,4%: Սա նկատելի աճ է այն տվյալների համեմատությամբ, որոնք ներկայացվել են դրանից չորս շաբաթ առաջ (25-րդ շաբաթը, 2023թ. հունիսի 19-ից 25-ը), երբ EG.5-ի գլոբալ տարածվածությունը կազմում էր 7,6 %», - հստակեցվում է մամուլի տեղեկագրում։