Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հացահատիկի պահեստ է բռնկվել
Խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Լա Ռոշել քաղաքի նավահանգստից ոչ հեռու գտնվող հացահատիկի պահեստում, առկա է պայթյունի և կրակի տարածման սպառնալիք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ France Bleu ռադիոկայանի հաղորդագրության՝ բռնկումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին): Խոսքը SICA Atlantique լոգիստական խմբի շենքի մասին է։ Ռադիոկայանը նշում է, որ շտեմարանում մի քանի հազար տոննա ցորեն կա։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով SICA Atlantique-ին, հրդեհը վերահսկվում է և չի հասել շենքում պահվող հացահատիկին։
Հրդեհի դեմ պայքարին մասնակցում է 70 հրշեջ, տարածք են ուղարկվել նաև օգնական ուժեր։ Հակահրդեհային ծառայության տեղեկատվության համաձայն՝ բռնկումն սկսվել է շինության ներսում գտնվող հոսքագծային ժապավենի վրա։ Պահեստներից տարհանվել է 20 մարդ։ Դրա շուրջը հաստատված է 200 մ շառավղով անվտանգության գոտի։
Ֆրանսիան Եվրամիությունում հացահատիկի ամենամեծ արտադրողն է, իսկ Լա Ռոշելի շտեմարանը՝ ամենախոշորներից մեկը հանրապետությունում։