Հավայիում անտառային հրդեհները գետնին են հավասարեցրել Լահայնա քաղաքը․ կան զոհեր
Հավայան Մաուի կղզում մոլեգնող անտառային հրդեհները, որոնք ավելի են ուժգնացել «Դորա» փոթորկի պատճառով, ոչնչացրել են Լահայնա պատմական քաղաքը։ Հրդեհները կղզում առնվազն 6 մարդու կյանք են խլել «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Շուրջ 2100 մարդ տարհանվել է։ 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության և բջջային կապի։ Մաուիի հիվանդանոցները գերբեռնված են այրվածքներ ստացած և ծխից թունավորված հիվանդներով։
Իշխանությունները հայտնել են, որ առայժմ դժվար է գնահատել Մաուիում հրդեհների հասցրած վնասի չափը։ Բացի այդ, ըստ իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Կղզում դեռ երեք խոշոր հրդեհ է մոլեգնում։
Լահայնան պատմական քաղաք է Մաուի կղզու արևմտյան ծայրամասում։ Քաղաքի կենտրոնը թվագրվում է 1700-ական թթ.-ով և ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։
Հրդեհի մի քանի օջախ կա նաև Հավայան կղզիների խոշորագույն՝ Մեծ կղզում, որը գտնվում է Մաուիի հարևանությամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել հրդեհների զոհերի ընտանիքներին և նշել, որ Հավայան կղզիներ կուղարկվեն բոլոր հասանելի դաշնային միջոցները՝ աջակցելու կրակի դեմ պայքարի և փրկարարական աշխատանքների հարցում։
Ջո Բայդենը, ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, նաև հայտնել է, որ Տրանսպորտի նախարարությունն աշխատում է ավիաընկերությունների հետ՝ Մաուիից զբոսաշրջիկներին տարհանելու ուղղությամբ։ Վկայակոչելով նախարարության պաշտոնյաներից մեկին՝ BBC-ն նշում է, որ կղզին փորձում է լքել շուրջ 4000 այցելու։