Պեկինը քննադատել է Բայդենի որոշումն արտերկրում որոշակի տեխնոլոգիաներում ներդրումների սահմանափակման մասին
Չինաստանի առևտրի նախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը, որով սահմանափակվում են Միացյալ Նահանգների ներդրումները Չինաստանում, որոշակի տեխնոլոգիաներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից՝ Պեկինում նշել են, որ այդ որոշումը լրջորեն ապակայունացնում է մատակարարումների գլոբալ շղթաները։
«Արտասահմանում ազգային ձեռնարկությունների ներդրումների հետ կապված Միացյալ Նահանգների սահմանափակումները... խաթարում են միջազգային առևտրատնտեսական կարգը, լրջորեն խախտում մատակարարումների գլոբալ շղթաների անվտանգությունը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
ՉԺՀ առևտրի նախարարությունն ընդգծում է, որ Սպիտակ տան այս որոշումը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին և արդար մրցակցության կանոններին։
«Չինաստանը չափազանց անհանգստացած է այս կապակցությամբ և իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ներդրումային սահմանափակումները վերաբերում են «ազգային անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող զգայուն տեխնոլոգիաների» ոլորտներին, մասնավորապես՝ կիսահաղորդիչներին և միկրոէլեկտրոնիկային, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը: