Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 36-ի
Հավայան Մաուի կղզում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 36-ի։ Մահվան դեպքերը գրանցվել են Լահայնա զբոսաշրջային քաղաքում, որը հրդեհների պատճառով գրեթե գետնին է հավասարվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
Հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում. որոշ մարդիկ դեռ անհետ կորած են։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև ուղղաթիռներ։
Հրդեհները Մաուիում մոլեգնում են օգոստոսի 8-ից։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հիվանդանոցները գերբեռնված են։
Հիշեցնենք՝ հրդեհներն ավելի են ուժգնացել «Դորա» փոթորկի պատճառով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հավայան կղզիներ կուղարկվեն բոլոր հասանելի դաշնային միջոցները՝ աջակցելու կրակի դեմ պայքարի և փրկարարական աշխատանքների հարցում։