Սերգիև Պոսադում պայթյունից ավելի քան 110 շինություն է վնասվել․ կան անհետ կորածներ
Սերգիև Պոսադում օգոստոսի 9-ին տեղի ունեցած պայթյունից հետո 12 մարդ դեռ անհետ կորած է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Ճշգրտված տվյալներով՝ 12 մարդու ճակատագիրը մնում է անհայտ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասել է գործակալության զրուցակիցը:
Արտակարգ ծառայություններում նաև գործակալությանը հայտնել են, որ պայթյունից հետո վնասել է ավելի քան 110 շինություն, որոնց մեծ մասը բնակելի շենքեր են։
«Պայթյունի հետևանքով վնասվել է գրեթե 100 բնակելի շենք, ներառյալ՝ մասնավոր տներ: Նաև վնասվել են սոցիալական և վարչական շենքեր՝ ընդհանուր առմամբ 111 շինություն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ի առավոտյան Սերգիև Պոսադում պայթյուն է տեղի ունեցել հրատեխնիկայի պահեստում, որը վարձակալել է մասնավոր ընկերությունը Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում։ Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել։ Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6 մարդ, որոնցից 5-ի մոտ մարմնի 100 %-ի այրվածքներ են։