Քննարկել է Երևանում և Դիլիում դեսպանների նշանակման հնարավորությունը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ջակարտայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։
«Նախ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ար Սիտի Ռոզայմերիյանտի հետ քննարկել ենք կազմակերպությունում Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու մանրամասները։ Զրուցակիցս նշեց, որ գնահատելի է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումը։
Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակ Մարիա Ֆերնանդա Լայի հետ պայմանավորվեցինք ակտիվացնել երկու երկրների խորհրդարանականների միջև հարաբերությունները, նաև աջակցել միմյանց միջազգային հարթակներում։ Քննարկել ենք նաև փոխադարձաբար Երևանում և Դիլիում դեսպանների նշանակման հնարավորությունը։
Զրուցակցիս եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանրտար ճգնաժամը, ինչի ժամանակ Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակը չկարողացավ զսպել արցունքները և իր համերաշխությունը հայտնեց հարցի խաղաղ լուծման հարցում։
Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը ներկայացրել եմ նաև Չինաստանի խորհրդարանի անդամ Ճու Յոնգուանին, նաև խնդրել, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագերծել իրենց ազդեցությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման արդար լուծման համար։
Նաև երկուստեք ողջունեցինք ՀՀ և ՉԺՀ միջև առկա կայուն հարաբերությունների, տնտեսական և մշակութային համագործակցության մակարդակը, և հույս հայտնեցինք, որ ապագայում հնարավոր կլինի խորացնել հարաբերությունները նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում»,- գրել է Հակոբյանը: