«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հիվանդասենյակի թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 8-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, անսպասելի խուզարկություն են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներից մեկում: Այս մասին տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից:
Խուզարկության արդյունքում փայտե պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք և ծալովի դանակ:
Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Խ.-ն հայտարարել է, որ արգելված իրերն իրեն չեն պատկանում, և տեղյակ չէ դրանցից:
Հայտնաբերված դանակն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: