Կոստոմարովը հայտնել է, որ արդեն կարող է վազել
Գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ստացել է ոտքեր, որոնց միջոցով կարող է վազել։
«Ուռաաա … Ոտքերս հասել են, որոնց վրա ես կարող եմ վազել: Ես երկար եմ սպասել այս պահին։ Թեկուզ նախկինի նման չէ, բայց կարող եմ վազել: Շնորհակալություն տղաներին՝ Եգորին ու Ռուսլանին, ովքեր հենց սկզբից ինձ շատ օգնեցին։ Ինչպես են փոխվել կյանքի ուրախությունները…»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ գրել է օլիմպիական չեմպիոնը:
Հուլիսի 6-ին Կոստոմարովը դուրս էր գրվել Կոմունարկայի հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 175 օր։
Հունվարի սկզբին Ռոման Կոստոմարովը հոսպիտալացվել էր բացօթյա շոուի ելույթներից հետո։ Գեղասահորդը թոքաբորբով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Մարզիկը տեղափոխվել էր Կոմունարկայի հիվանդանոց։
Հիվանդության հետևանքով առաջացած բարդությունները հանգեցրել էին գանգրենայի զարգացման, ինչի պատճառով բժիշկները ստիպված են եղել կատարել 4 վերջույթների մասնակի ամպուտացիա։