Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թեժանում է. հրապարակվել են մրցումների վայրերն ու ժամանակացույցը
Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում: 41 երկրի 181 քաղաքից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ մրցելու են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:
Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝ օգոստոսի 6-ին, խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցումային առաջին օրը Գյումրու սպորտային-պարահանդեսային պարերի թիմը 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով հաղթող: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի (13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ), Թեհրանի (3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ) և Էջմիածնի (2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ) թիմերը:
Մրցումային երկրորդ օրվանից՝ օգոստոսի 7-ից, պայքարը սկսվել է բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, բադմինթոն, բազկամարտ, թենիս, լող և հանդբոլ մրցձևերում: Ֆուտզալում կանայք պայքարի մեջ են մտել մրցումային 3-րդ օրը՝ օգոստոսի 8-ին:
Ֆուտբոլի մրցաշարերը կհյուրընկալեն Գյումրու ակադեմիայի, Ամասիայի և Էրեբունու խաղադաշտերը: Մրցաշարի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 18-ին: Ֆուտզալի հանդիպումներն ընդունում են Եղվարդն ու Աբովյանը: Այս մրցաշարերում ևս եզրափակիչները նախատեսվում են օգոստոսի 18-ին:
Վոլեյբոլի հանդիպումները հյուրընկալվում են Գյումրու ՄՊՄԴ մարզադահլիճում, «Գազպրոմ-Արմենիա» ուսումնամարզական համալիրում, Գյումրու թիվ 30 միջնակարգ դպրոցում, Հայ-Սլավոնական համալսարանում: Բասկետբոլում կանանց եզրափակիչ խաղը տեղի կունենա օգոստոսի 17-ին, տղամարդկանց պայքարում հաղթողը կորոշվի օգոստոսի 18-ին:
Լողափնյա վոլեյբոլի մրցումներն ընդունում է «Գրանդ սպորտ» մարզահամալիրը: Կանանց պայքարը կավարտվի օգոստոսի 14-ին, տղամարդիկ հաղթողին կորոշեն օգոստսի 17-ին: Թենիսում պայքարը սկսվում է օգոստսի 8-ից:
Օգոստոսի 7-ից մեկնարկած բասկետբոլային պայքարը կանցկացվի 4 մարզադահլիճում՝ Շենգավիթի, Արթիկի, «Միկա» և «Արենա Դե ՏԷՑ»: Բասկետբոլի եզրափակիչները տեղի կունենա օգոստոսի 18-ին «Միկա» մարզահամալիրում:
Հիմնանորոգումից հետո առաջին անգամ մրցումներ կհյուրընկալի Արտաշատի քաղաքային մարզադաշտը. աթլետիկայի մրցումներն այստեղ կանցկացվեն օգոստսի 14-16-ը:
Այլ մրցումների վայրերն ու ժամանակացույցը.
Լող – օգոստոսի 7-9, «Հիլս» սպորտային համալիր
Թենիս – օգոստոսի 7-18, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր
Գոլֆ – օգոստսի 9-10, 12-13, «Արարատ» գոլֆ ակումբ
Հեծանվասպորտ – օգոստոսի 9-10, Շորժա – Ծովագյուղ – թերակղզի հատված
Հրաձգություն – օգոստոսի 9-14, Երևանի հրաձգության մարզադպրոց
Սեղանի թենիս – օգոստոսի 9-14, Չարենցավանի Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց,
Մինի-գոլֆ – օգոստոսի 13-16, «Փլեյ Սիթի»:
Նշենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձև համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու: