Նյու Յորքի լողափում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա
Նյու Յորքի լողափերից մեկում շնաձկան հարձակումից տուժած կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է NBC News-ը:
Ըստ Նյու Յորքի ոստիկանության ու Զբոսայգիների և հանգստի վարչության՝ շնաձուկն օգոստոսի 7-ին, տեղի ժամանակով ժամը 17:49-ին կծել է 50-ամյա կնոջ ոտքը Ռոքուեյ Բիչ լողափին։ Տուժածին անմիջապես հոսպիտալացրել են։
Ոստիկանությունը հանգստացողներին ստիպել է լքել լողափը։ Ուղղաթիռով իրականացվել են շնաձկան որոնումները, սակայն դրանք եղել են ապարդյուն։
«Չնայած այս ահազդու միջադեպին, մենք ցանկանում ենք Նյու Յորքի բակիչներին հիշեցնել, որ Ռոքուեյում շնաձկների հարձակումները չափազանց հազվադեպ երևույթ են», - ասված է Զբոսայգիների և հանգստի վարչության հայտարարության մեջ:
Ռոքուեյ Բիչն այցելուների համար արդեն փակ է եղել 2022 թվականին՝ լողափի գոտում շնաձկների հայտնվելու պատճառով։ Նրանց ակտիվությունը պայմանավորված է եղել շոգ եղանակի պատճառով ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի պատճառով երկամյա ընդմիջումից հետո լողափեր մարդկանց վերադարձով: