Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչը շնորհավորական նամակ է հղել Արցախի ԱԺ նորընտիր նախագահին
Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը շնորհավորական նամակ է հղել Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է.
«Նորին Վսեմութիւն
Տիար Դաւիթ Իշխանեան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Ազգային Ժողովի Նախագահ
Ստեփանակերտ
Յարգարժան Պրն Նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգաին Ժողովի Նախագահի պաշտօնին Ձեր ընտրութեան առթիւ խնդրեմ ընդունեցէք իմ ու Կիպրահայութեան անունով ջերմագոյն շնորհաւորութիւններս ու յաջողութեան մաղթանքներս:
Յոյսով եմ, որ յաջորդող տարիները Լեռնային Ղարաբաղին ու համայն հայութեան համար կ̉ ըլլան անկիւնադարձային ու արդիւնաւետ, թէ´ տնտեական եւ թէ քաղաքական առումներով:
Կը հաւատամ նաեւ, թէ միասնաբար ու յամառ աշխատանքով, պիտի կարենանք յաղթահարել սահմանափակումներու հետեւանքով ստեղծուած տագնապալի կացութիւնը եւ մարտահրաւէրներու շարքը, կերտելու համար փայլուն, խոստումնալից եւ յուսադրիչ ապագայ մը յաջորդող սերունդներուն համար:
Անկեղծ բարեմաղթութիւններով՝
Վարդգէս Մահտեսեան
Կիպրահայ Համայնքի Պետական Ներկայացուցիչ»։