ԱՄՆ-ն Ալյասկայի մերձակայքում ՌԴ-ի և Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները սպառնալիք չի համարում
Միացյալ Նահանգներն իր անվտանգության համար սպառնալիք չի համարում Ալյասկայի ափերի մոտ Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
«ԱՄՆ զինված ուժերն ակտիվորեն հետևում են ռուս-չինական ռազմածովային պարեկությանը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում: Այդ զորավարժությունները շարունակում են անցկացվել միջազգային ջրերում և սպառնալիք չեն համարվել: Սա է ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատականը», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնում, ռուսական և չինական ռազմանավերը համատեղ պարեկության ընթացքում մշակել են Խաղաղ օվկիանոսում պայմանական թշնամու սուզանավերի որոնում և ոչնչացում: Բացի այդ, երկու երկրների նավաստիները կատարել են մարտավարական մանևրումներ, կապի վարժանքներ, ուղղաթիռների խաչաձև վայրէջքներ և թռիչքներ նավերի տախտակամածներից: