Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ 168.am
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասել է, որ Արմեն Աշոտյանին այսօր տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության կամ, ինչպես ասում են, ապացուցողական գործողության։
«Լրացուցիչ հարցաքննությանը պարոն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի պայմաններում ցուցմունք տալու որևէ իմաստ չկա, այսքանը։
Կարծում եմ՝ շուտով կալանքի երկարացման նիստն է լինելու և ձևական ցույց են տալու, իբր, ջանասիրություն են դրսևորում քննչական մարմինները։ Ըստ իս, այս ամենը զուտ սրա համար է տեղի ունեցել»,- եզրափակել է Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ « ԱԺ հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։
Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։