Պարգև Սրբազանը միացել է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային
Ամերիկահայերը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում հանուն Արցախի։ Ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն ԱՄՆ–ում է բուժման նպատակով։
«Հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչինչ չէինք ունենա։ Հիմա օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Պարգև սրբազանը։
Նրա խոսքով` պետք է պայքարել ամեն հնարավոր ձևով, որպեսզի Արցախն իրեն միայնակ չզգա։
Ակցիայի մասնակիցները պաստառներով են եկել, որոնց վրա գրված է. «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Հայերը ցեղասպանվում են ադրբեջանական օրենքների պատճառով», «Դադարեցրե՛ք երկրորդ Հայոց ցեղասպանությունը»։
Նրանք պաստառները փակցրել են Շիֆի գրասենյակի դռներին ու պատուհաններին։