Իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու ընտրություններին․ Հայկ Մարության (տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։
Այս մասին նա տեսաուղերձի միջոցով հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Հայկ Մարությանը նշեց, որ վերջին շրջանում տարբեր վայրերում իրեն են մոտենում քաղաքացիներ և հարցնում՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։
Նախկին քաղաքապետն էլ ի պատասխան քաղաքացիների հարցերի նշել է՝ «Պատասխանս միշտ նույնն է՝ դեռ չեմ որոշել»։
Նախկին քաղաքապետը նաև հայտնեց, որ քաղաքացիները հաճախ իր քաղաքականություն մտելու մասին ասում են․ «Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, առոք-փառոք ապրում ես»։
Մարությանը հայտարարեց, որ իր թիմի հետ միասին մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
«Մեր թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ։ Մեր միակ հարստությունը դուք եք, երևանցիներ։ Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։