Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Հայաստանի Հանրապետությունում շեշտակի աճել է արձանագրված սպանության դեպքերի թիվը։ Այս մասին տեղեկանում Ենք՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ից ստացված վիճակագրական տվյալները։
Մասնավորապես՝ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2023թ․ առաջին վեց ամիսներին արձանագրվել է սպանության 33 դեպք, որից 7-ը կատարվել է հրազենով, իսկ 4-ը՝ կտրող-ծակող առարկայի կիրառմամբ։ Համեմատության համար նշենք, որ 2022թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 22 դեպք, որից 5-ը՝ հրազենով, իսկ 6-ը կտրող-ծակող առարկայի կիրառմամբ։ Նախորդ տարվա համեմատ սպանությունների դեպքերի 50 տոկոս աճը վկայում է Հանրապետությունում քրեածին իրավիճակը վատթարացման մասին։
Չնայած այս մտահոգիչ պատկերին՝ ընդամենը շաբաթներ առաջ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, շեշտվել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը:
2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ընթցքում ՆԳ նախարարը հանձնարարել էր ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Սակայն նկատենք, որ ոստիկանության՝ օրենքով վերապահված խնդիրների կատարմանն է վերաբերվում ոչ միայն հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, այլև հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը։