Ադրբեջանական կողմը վերջին մեկ շաբաթում ԼՂ-ում 3 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՆԳՆ
ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ 2023 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 20-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:
«Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման շուրջ 3 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված` վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 4 դեպքերը: Այս մասով հանրային հնչեղություն ստացած դեպքերից մեկը գրանցվել է օգոստոսի 6-ին՝ Ա. Հեքիմյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող բիլիարդի ակումբում: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նաև անձնական ունեցվածքի գողության՝ 2, խուլիգանության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և խարդախության մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 3 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Վերջիններս, իրենց մարտական դիրքերից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Արցախի պաշարմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարները: Անցած շաբաթվա ընթացքում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 1 պատահար՝ նյութական վնասով:
ՆԳ նախարարությունը Արցախի Հանրապետության տարածքում շարունակում է իրականացնել շուրջօրյա կազմակերպված ծառայություն: Արցախի ոստիկանությունը և ԱԻ պետական ծառայությունն իրենց առաքելությամբ վերահասկում են օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն»,- ասված է հաղորդագրության մեջ: