Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա, այցի շրջանակում տեղի կունենան բանակցություններ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ, տեղեկացրել է Tasnim-ը։
Իրանի արտգործնախարարը ժամանել է Տոկիո երկուշաբթի վաղ առավոտյան։
Նա հանդիպումներ կունենա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասիի եւ առողջապահության նախարար Կացունոբու Կատոյի հետ, որոնց ընթացքում կքննարկի Թեհրանի եւ Տոկիոյի միջեւ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները։
Տոկիոյում մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Ասիան Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է։
Պատասխանելով 2015թ. միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների մասին հարցին՝ նա նշել է, որ իր բանակցությունները Եվրամիության եւ նրա արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի միջնորդությամբ ուղղված են այն բանին, որ բոլոր կողմերը վերսկսեն իրենց պարտավորությունների կատարումը Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի կատարման համար։
Նա նաեւ նշել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն ոչ ուղիղ բանակցություններ են վարում բանտարկյալների փոխանակման մասին։
Նա հասկացրել է, որ Իրանը երբեք Ռուսաստանին զենք կամ անօդաչուներ չի մատակարարել Ուկրաինայում պատերազմում օգտագործելու համար։
Նա ընդգծել է այն «կառուցողական դերը», որը Ճապոնիան կարող է խաղալ Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման գործում՝ նշելով, որ տարածաշրջանի երկրները կարող են եւ լի են Պարսից ծոցի անվտանգությունը պաշտպանելու վճռականությամբ համաձայնեցված գործողությունների միջոցով։