Հայաստանի հրաձգության հավաքականի անդամը տպավորված է ԱՊՀ խաղերի կազմակերպվածությամբ
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, ԱՊՀ երկրորդ խաղերի մասնակից Նարե Գաբրիելյանը Բելառուսում ընթացող խաղերի կազմակերպվածությունը համարում է բարձր մակարդակի՝ այն համեմատելով նախորդ խաղերի մակարդակի հետ:
«Մասնակցել եմ նաև ԱՊՀ առաջին խաղերին և, համեմատելով միմյանց հետ, կարող եմ ասել, որ այս խաղերը հրաշալի են կազմակերպված: Բարձր մակարդակի վրա անցկացվեց բացման արարողությունը: Ընդհանուր առմամբ, Մինսկը ֆանտաստիկ սպորտային տրամադրություն է փոխանցում բոլորիս»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:
ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: