Գաղտնիք չէ, որ ես մանկուց երկրպագել եմ այս մեծ ակումբին․ Հոյլունդ
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռասմուս Հոյլունդն առաջին հարցազրույն է տվել որպես անգլիական ակումբի խաղացող։
«Գաղտնիք չէ, որ ես մանկուց երկրպագել եմ այս մեծ ակումբին և երազել եմ «Օլդ Թրաֆորդ» գնալ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Ես աներևակայելիորեն ոգևորված եմ այս երազանքն իրականացնելու հնարավորությամբ և վճռական եմ հատուցել այն վստահությունը, որը ակումբը ցուցաբերել է իմ հանդեպ: Իմ կարիերան նոր է սկսվում, բայց ես գիտեմ, որ պատրաստ եմ այդ քայլով առաջ գնալ և խաղալ համաշխարհային մակարդակի խաղացողներով լի թիմի հետ:
Մարզիչի հետ խոսելուց հետո հասկացա, որ այս միջավայրն իդեալական է իմ զարգացման համար։ Ես վայելում եմ աշխարհի լավագույն մարզիչներից մեկի հետ աշխատելու հնարավորությունը։
Նրա ղեկավարությամբ և աջակցությամբ ես գիտեմ, որ նոր թիմակիցներիս հետ կարող եմ մեծ հաջողությունների հասնել այս շատ յուրահատուկ ակումբում»,- ասել է Ռասմուսն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։