Աբովյանում բացվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս, հետախույզ Վահագն Թումասյանի կիսանդրին
Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը դեռ նախորդ տարվանից է կրում 44-օրյա պատերազմին մասնակցած ու անձնվիրաբար զոհված, պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ Վահագն Թումասյանի անունը: Այսօր էլ, իր ծննդյան տարեդարձի օրը, նույն մարզադաշտի առաջ մեծ հանդիսավորությամբ բացվեց անմահ հերոսի կիսանդրի-հուշաքարը:
Ռազմական գործի լավագույն գիտակ, ազգային հերոսի կերպար… այսպես են ճանաչողները նկարագրում արդեն 42-ամյա լեգենդար հետախույզին, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքին անձնուրաց ծառայելուն:
Մասնագիտությամբ պատմաբան Վահագն Թումասյանը 2007թ.-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, նախ՝ որպես դիպուկահար, այնուհետև` հետախույզ: Թուրքերենին ու ադրբեջաներենին գերազանց տիրապետող զինվորականը ձգտել է իր մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվել: Վահագնը վերապատրաստվել է Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական լավագույն ակադեմիաներում և վերադարձել պատվոգրերով:
Թշնամու թիկունքում, հայրենիքի սահմաններում թրծված հետախույզը կարողացել է հեռազդեցությամբ շեղել դիմացինին ու իր կամքը թելադրել: Մտավոր ու ֆիզիկական մեծ կարողություններ ուեցող հայրենասերը 44-օրյային 2 անգամ է մեկնել ռազմաճակատ: Զորավար Անդրանիկ, Մարշալ Բաղրամյան, Գարեգին Նժդեհ… Վահագնի անթիվ-անհամար մեդալներն ու պատվոգրերը այսօր համալրվեցին նորերով, բայց արդեն հետմահու:
Մանրամասները՝ «Շանթ» հեռուստաընկերության ռեպորտաժում: