Ավտոբուսում հեռախոսով բարձր խոսելու համար տղամարդը փորձել է խեղդել դեռահասին
Վորոնեժում Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ավտոբուսում ուղևորի կողմից դեռահասին բռնության ենթարկելու փաստով։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Վորոնեժի մարզի Քննչական կոմիտեի Telegram ալիքում։
«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել երթուղային տաքսիում գտնվող դեռահասի նկատմամբ տղամարդու կողմից բռնություն գործադրելու մասին։ Տղամարդուն դուր չի եկել, որ դեռահասը ամբողջ ճանապարհին խոսում է հեռախոսով: Տղամարդը հանդիմանել է տղային և բռնություն կիրառել նրա նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հրապարակած տեսանյութում երևում է, որ ավտոբուսում հաղթանդամ տղամարդը բռնել է տղային, սեղմել իրեն՝ փորձելով խեղդել: Ավտոբուսի մյուս ուղևորները տղամարդուց պահանջել են թողնել անչափահասին։
Հարձակման հետևանքով դեռահասի քիթը կոտրվել է, նա բողոք է ներկայացրել ոստիկանություն: