Պարգև Սրբազանը սրտի փոխպատվաստումից հետո կվերադառնա Արցախ
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ԱՄՆ-ում սրտի փոխպատվաստումից հետո կվերադառնա Արցախ։ Alpha News-ի եթերում այս մասին հայտարարել է Սրբազանն՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է 44-օրյա պատերազմից հետո մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ե՞րբ է վերադառնալու հայրենիք։
«Ես պետք է սիրտս փոխեմ, որովհետեւ 4-5 հատ սրտի վիրահատություն եմ տարել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում էլ մի քանի վիրահատություն տարա՝ ստենդ դրեցինք, ստամոքսս պայթեց՝ վիրահատեցինք, վերջերս էլ աճուկային ճողվածքի վիրահատություն արեցին: Սպասում եմ Green Card ստանամ, հերթի դնեն, որ սիրտս փոխեն, հենց փոխեն՝ պիտի հետ գամ։
Ֆիզիկական լավ վիճակում չեմ, քաշս 59-60 կգ է, դե, եզրակացությունն արդեն դուք արեք։ Բայց, իհարկե, պետք է վերադառնամ մեր հայրենի հող եւ Արցախ»,- ասել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։