Ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել
Հուլիսի 18-ին, ժամը 02.37-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ քաղաքի բնակիչ 57-ամյա մի կին և հայտնել, որ անծանոթ մարդիկ հարձակվել են իր տան վրա և կոտրել տան պատուհաններն ու բակում կայանված «Մերսեդեսի» ապակիները:
Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:
Օգոստոսի 4-ին Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցում հայտնաբերվել, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդ: Բաժնում նա հայտնել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Աշտարակցի 42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են: