Կասկածել, որ ես կարող ա փախնեմ, անբարոյականություն ա. Վլադիմիր Գասպարյանը՝ դատարանում
Շուրջ 2 միլիոն դրամի փողերի լվացման համար մեղադրվող, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նիստին հանրային մեղադրողը միջնորդել է Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 36 մլն դրամ. ըստ նրա՝ հենց այդքան գումար է ստացել Գասպարյանի կինը՝ աշխատանքի չներկայանալով: Այսօրվա նիստում քննարկվել է նաև Գասպարյանի խափանման միջոցի հարցը: Նախկին ոստիկանապետը հայտարարել է՝ վարկաբեկիչ է համարում բացակայելու արգելք խափանման միջոցը, քանի որ «ինքը փախչող չէ», և եթե ցանկանար փախչել, ոչ մի ոստիկան իրեն չէր կարողանա գտնել:
Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նիստը: Այս նոր դրվագով էլ Գասպարյանը մեղադրվում է շուրջ 2 մլրդ դրամի փողերի լվացման համար: Նիստը տեսանկարահանելուն նախկին ոստիկանապետը դեմ էր՝ հայտարարեց, թե ակտուալությունը կորցրել է շոուներ կազմակերպելու համար: Այդ պատճառով «Լուրերի» միջնորդությունը դատարանը մերժեց: Նիստի սկզբում հանրային մեղադրող Արմեն Մուրադյանը հայտարարեց`Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանի քավորն է, սակայն, ըստ նրա՝ այդ հանգամանքը որևէ կերպ իրեն չի կաշկանդում: Դատարանն անդրադարձավ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը անփոփոխ թողնելու կամ վերացնելու հարցին: Պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը խնդրեց վերացնել այն:
Էրիկ Ալեքսանյան - Մենք չունենք մի իրավիճակ, և չունենք քրեական գործում առկա նույնիսկ ենթադրության մակարդակում դրված, որ պարոն Գասպարյանը երբևէ փորձ է կատարել քննությանս համար դառնալ աննկատ:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Վլադիմիր Գասպարյանը:
«Ես նույնիսկ մարտի դաշտում չեմ փախել, ինչ մնաց քննությունից փախնեմ, ես փախնող չեմ, ես փախնող բռնող եմ եղել ամբողջ կյանքում, ես գիտեմ ամբողջ մեթոդիկան, եթե ես ուզենայի խուսափեի, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել այս երկրում, ես պրոֆեսիոնալ եմ: Հետևաբար ինձ պատիվ չի բերում, սա իմ համար վարկաբեկիչ երևույթ ա՝ խուսափել, փախնել, սա իմ ստեղծած, ազատագրած, իմ պահած երկիրն ա՝ լավ թե վատ»:
Նախկին ոստիկանապետն ասաց՝ այս խափանման միջոցի պատճառով ձգձգվել է իր Գերմանիա գնալը, ու առողջական վիճակն ավելի է վատացել:
«Իմ վրա կասկածել, որ ես կարող ա փախնեմ, կներեք, տղե'րք, անբարոյականություն ա»:
Հանրային մեղադրողն այս արտահայտությունց հետո խնդրեց կարգի հրավիրել մեղադրյալին:
Հանրային մեղադրող - Մեր դիտարկումների մեջ էլ մեզ մեղադրելը սա նույնպես կարա անբարոյականություն լինի:
Մեղադրողը պնդեց՝ Գասպարյանի խափանման միջոցը պետք է մնա նույնը: Դատարանը, լսելով կողմերին, որոշեց ամբաստանյալի խափանման միջոցը անփոփոխ թողնել: Այնուհետև Գասպարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևն էլ միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Ըստ նրա՝ 17 մլն դրամի հափշտակության դրվագով Գասպարյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայց կա, ուստի, ըստ նրա՝ չի կարող միևնույն հարցը քննարկվել նաև քրեական վարույթի շրջանակում: Դատարանը, սակայն, այն մերժեց, անհիմն լինելու պատճառով: Այնուհետև հանրային մեղադրողը միջնորդեց Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 36 մլն դրամ: Սա այն գումարն է, որն ըստ մեղադրանքի տարբեր տարիներին որպես աշխատավարձ ստացել է Գասպարյանի կինը՝ առանց աշխատանքի հաճախելու:
«Նկատի ունենալով, որ Գասպարյանի հանցավոր արարքների արդյունքում խախտվել են պետության գույքային շահերը, միջնորդում եմ գույքային հայցը ընդունել վարույթ և Գասպարյանին ճանչել գույքային պատասխանող»:
Պաշտպանական կողմն այս միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի մյուս նիստին: Նշենք, որ սա Վլադիմիր Գասպարյանին առնչվող երկրորդ քրեական գործն է: