Ղազախստանում առաջարկել են քրեորեն պատժել հարսնացուների առեւանգման համար
Ղազախստանի մարդու իրավունքների լիազորի գրասենյակն առաջարկում է քրեական օրենսգրքում մտցնել առանձին հոդված, որը կնախատեսի պատիժ հարսնացուների առեւանգման համար։ Այս մասին տեղեկացրել է օմբուդսմենի մամուլի ծառայությունը։
Գրասենյակն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նման հոդված արդեն կա Ղրղզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի քրեական օրենսդրություններում։
«Ներկայում օմբուդսմենի գրասենակը դիտարկում է օրենսդրությունում մի շարք փոփոխություններ կատարելու հնարավորությունը, մասնավորապես՝ առանձին հոդված մտցնելը, 125 հոդվածի ծանուցումը բացառելը, որը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատում զոհին ինքնակամ ազատ արձակելու դեպքում։ Բացի այդ, լիազորն արդեն առաջարկել է քրեական օրենսգրքում մտցնել 125-1 առանձին հոդվածը՝ «Անձի առեւանգում ամուսնության նպատակով», որը նախազգուշացնող էֆեկտ կունենա եւ կնվազեցնի հանցագործության մակարդակը կանանց նկատմամբ»,- նշվել է հաղորդման մեջ։
Նշվել է, որ գլխավոր դատախազությունն աջակցել է օմբուդսմենի առաջարկին։
«Միայն վերջին 2,5 տարում մեր երկրում ընտանեկան ագրեսորները կատարել են 300 սպանություն։ Գրանցվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու 913 դեպք, միջին ծանրության՝ 837 դեպք։ Ավելի քան 37 հազար հոգի ենթարկվել է պատասխանատվության տարբեր տեսակների։ Կենցաղային բռնության հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական գործոններն են եւ գենդերային կարծրատիպերը»,- նշել են օմբուդսմենի գրասենյակում։
Նշվել է նաեւ, որ հարկադիր ամուսնության ենթարկվող աղջիկները հաճախ դառնում են բռնության հաջորդ զոհերն իրենց գործընկերների կողմից։ «Հաճախ հարկադիր ամուսնություններն աղջիկներին զրկում են կրթություն եւ մասնագիտություն ստանալու հնարավորությունից, ինչը խորացնում է նրանց կախյալ եւ խոցելի վիճակը։ Աղջիկների առեւանգումն ամուսնության նպատակով դեռեւս տարածված երեւույթ է մեր երկրում, հատկապես հարավային շրջաններում։ Մի շարք դեպքերում նման գործողությունները հանգեցնում են սեռական անձեռնմխելիության խախտումների, նվաստացման, ազատությունից անօրինական զրկման եւ անգամ ինքնասպանության»,- նշել են մամուլի ծառայությունում։