Վրաստանում փրկարարները ևս 80 մարդու են տարհանել 2 հոգու կյանք խլած սողանքի շրջանից
Վրացի փրկարարները ևս 80 մարդու են տարհանել Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող առողջարանային Շովի ավանից, որտեղ սողանքի հետևանքով 2 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Մարդկանց ստիպված են եղել տարհանել ուղղաթիռներով, որոնք թռիչքները շարունակել են օգոստոսի 4-ի վաղ առավոտից։
Մոտավորապես նույնքան մարդ դեռ տարհանման է սպասում տարերային աղետի գոտուց։ Մինչ այժմ տարհանվածների ընդհանուր թիվը 150 է։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ տարերքի վայր է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Շովիում սողանքն իջել է օգոստոսի 3-ի ցերեկը։ Դրա հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։
Ներքին գործերի նախարարությունն անմիջապես այնտեղ է ուղարկել սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։ Առաջին օրը հաջողվել է տարհանել 70 մարդու։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում նաև հայտնաբերվել է երկու մարդու մարմին։
Օգոստոսի 4-ին փրկարարական աշխատանքներին է միացել ևս երկու ուղղաթիռ։ Մոտ 50 մարդ մինչև հիմա չի կարողանում կապի դուրս գալ։ Նրանց մասին տեղեկությունների ստացման համար գործում է թեժ գիծ: