Հանգուցավոր խպիպի առաջացման պատճառներն ու ախտանշանները
Վահանաձև գեղձի հանգույցները պինդ կամ հեղուկով լցված գոյացություններ են, որոնք ձևավորվում են վահանաձև գեղձի ներսում:
Վահանաձև գեղձը փոքր ներզատական օրգան է, որը տեղակայված է պարանոցի հիմքում՝ կրծոսկրի անմիջապես վերևում:
Գեղձի հանգույցների մեծ մասը լուրջ խնդիր չէ և ախտանիշներ չի առաջացնում: Դրանց միայն փոքր տոկոսն է լինում քաղցկեղային, գրում է Aysor.am-ը։
Հաճախ հիվանդը չի իմանում վահանաձև գեղձի հանգույցի մասին, քանի դեռ բժիշկը չի հայտնաբերել այն ստանդարտ բժշկական ստուգման արդյունքում: Հնարավոր է նաև, որ բժիշկը հայտնաբերի հանգույցն առողջական այլ խնդրի առիթով անցկացված պատկերային հետազոտությամբ: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հանգույցները բավականին մեծանում են՝ դառնալով տեսանելի կամ առաջացնելով կլման ակտի կամ շնչառության դժվարություններ:
Բուժման տարբերակները կախված են վահանաձև գեղձի հանգույցի տեսակից:
Վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում:
Հազվադեպ որոշ հանգույցներ կարող են հասնել այնքան մեծ չափերի, որ՝
դառնան տեսանելի՝ որպես պարանոցի հիմքի այտուցվածություն,
ճնշեն շնչափողը կամ կերակրափողը՝ առաջացնելով դժվարաշնչություն կամ կլման դժվարացում:
Որոշ դեպքերում այս հանգույցներն արտադրում են լրացուցիչ թիրոքսին հորմոն, որն արտադրվում է վահանաձև գեղձում: Թիրոքսինի հավելյալ քանակությունը կարող է առաջացնել վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության (թիրեոտոքսիկոզ կամ հիպերթիրեոդիզմ) ախտանիշներ, օրինակ՝
անբացատրելի քաշի կորուստ,
գերքրտնոտություն,
դող,
նյարդայնություն,
հաճախացած կամ անկանոն սրտազարկ:
Վահանաձև գեղձի հանգույցների միայն չնչին մասն է քաղցկեղային։ Այնուամենայնիվ, միայն ախտանիշների գնահատմամբ հնարավոր չէ պարզել հանգույցի տիպը:
Վահանաձև գեղձի քաղցկեղային հանգույցների մեծ մասն աճում է դանդաղորեն և բժշկի կողմից հայտնաբերելիս լինում է փոքր չափերի: Շատ ավելի հազվադեպ հանգույցների ագրեսիվ քաղցկեղները դրանք դարձնում են մեծ, պինդ, անշարժ և արագ աճող:
Թեև վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը ոչ քաղցկեղային է և խնդիրներ չի առաջացնում, խնդրեք բժշկին, որ ստուգի պարանոցում առկա ցանկացած արտասովոր այտուցվածությունը, հատկապես, եթե ունեք շնչառության կամ կլման դժվարություն: Կարևոր է նաև, որ գնահատվի քաղցկեղի առաջացման հնարավորությունը:
Դիմեք բժշկին, եթե զարգացել են թիրեոտոքսիկոզի գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝
Սրտխփոց,
քնի դժվարացում,
մկանային թուլություն,
նյարդայնություն կամ գրգռվածություն:
Այցելեք բժշկին նաև այն դեպքերում, երբ ունեք վահանաձև գեղձի կողմից թիրեոիդ հորմոնների թերարտադրության գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝
մրսածության զգացողություն,
ավելի հեշտ հոգնածություն,
չոր մաշկ,
հիշողության խնդիրներ,
դեպրեսիա,
փորկապություն: