Բերման են ենթարկել ՊՆ զինծառայողի, Ապարանի պետռեգիստրի պետին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կասեցնել թմրանյութի իրացումը» անունը:
Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկությունների հիման վրա ստեղծվում է խումբ, և խմբի անդամները՝ բաժնի պետի գլխավորությամբ, հուլիսի 31-ին, ժամը 18:20-ի սահմաններում Աշտարակ Ապարան ավտոճանապարհի՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Ապարանի բաժին են տեղափոխում Արագածոտնի մարզի բնակիչներ, 41-ամյա Հարություն Ղազարյանին, 36-ամյա Ահարոն Սաֆարյանին և 37-ամյա Հարություն Հովակիմյանին:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Հ. Ղազարյանին պատկանող և նրա կողմից վարած Toyota Land Crauser Prado մակնիշի ավտոմեքենայով:
Արդեն ոստիկանությունում Հ. Ղազարյանը հայտարարել է, որ իր ավտոմեքենայի մեջ եղած կանեփանման չորացրած զանգվածը գումարի դիմաց գնել է Հ. Հովակիմյանը և նույն օրը փոխանցել է իրեն՝ իր օգտագործման համար:
Հ. Հովակիմյանը ենթարկվել է անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Ապարանի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ Հ. Հովակիմյանը նշված թմրամիջոցը գնել է Աշտարակ քաղաքում, ոմն Հայկից, 40 հազար դրամով:
Կարճ ժամանակում Ապարանի ոստիկանության քրեական հետախուզությունում օպերատիվ տվյալներով պարզում են Հայկի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Հայկազ Կիրակոսյանն է, ում Ապարանի ոստիկանները հայտնաբերում են Աշտարակ քաղաքում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին:
Դեպքի փաստով Ոստիկանության Ապարանի բաժնում կազմվում են փաստաթղթեր, և նշված անձինք փաստաթղթերով ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Այսօր՝ օգոստոսի 3-ին, քննիչը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Կիրակոսյանի նկատմամբ:
Դատավոր Էդգար Կարապետյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, և Հ. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Toyota Land Crauser Prado -ի վարորդ Հ. Ղազարյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես Ապարանի պետռեգիստրի պետ:
Բերման ենթարկվածներից մեկն էլ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է: