Մոլդովայի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել ԱՊՀ-ի շրջանակներում ևս յոթ համաձայնագիր
Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված յոթ համաձայնագրերից, հաղորդել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Չեղարկվող փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է էներգետիկայի ոլորտին։ Դրանց թվում են ԱՊՀ-ի պետությունների միջև էլեկտրաէներգիայի բնագավառում հարաբերությունների համակարգման հարցերի շուրջ համաձայնագիրը, ԱՊՀ-ի մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքն ապահովելու համաձայնագիրը, ԱՊՀ-ի մասնակից երկրների էներգառեսուրսների ու էլեկտրաէներգիայի տարանցման համաձայնագիրը։
Նաև չեղարկվելու են գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքների տարանցման ոլորտում համաձայնեցված քաղաքականության խթանման մասին համաձայնագիրը, մշակութային ու պատմական արժեքներն իրենց ծագման երկրներ վերադարձնելու համաձայնագիրը և այլն:
Վերջին երկու ամսվա ընթացքում Մոլդովայի խորհրդարանը և կառավարությունը չեղարկել են ԱՊՀ-ի շրջանակներում ավելի քան մեկ տասնյակ համաձայնագիր: