Ներքին գործերի նախարարը պարգևատրել է Անդրեա Վիկտորինին
ՆԳ նախարարը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացման համար։
Օգոստոսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։
Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։
Ներքին գործերի նախարարը վերահաստատելով բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու կամքը՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկկողմ համագործակցության շրջանակներում մեծագույն ձեռքբերում էր Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ոլորտի մյուս ուղղություններով հաջողությունների գրանցումը։
Կողմերը քննարկել են համագործակցության առկա ծրագրերն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։