Ֆրանսիան Նիգերի խունտային խնդրել է երաշխավորել իր դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը
Ֆրանսիայի արտգործնախարարությունը Նիգերի խունտային խնդրել է «լիովին երաշխավորել» Նիամեյում գտնվող իր դեսպանատան անվտանգությունը՝ երկրում նախատեսված ցույցերին ընդառաջ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է France24 պարբերականից։
Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիան Նիգերի անվտանգության ուժերին խնդրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երաշխավորելու օտարերկրյա դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը՝ համաձայն միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Վիեննայի կոնվենցիայի։
Հունիսի 30-ին հեղաշրջման աջակիցները գրոհել էին Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան վրա՝ շենքի դիմաց հրկիզումներ իրականացնելով, կոտրելով ապակիներ։
Իր հերթին ԱՄՆ-ն Նիգերում իր դիվանագիտական անձնակազմի մի մասին և նրանց ընտանիքի անդամներին տարհանելու հրահանգ է տվել։ Չնայած դրան՝ առաքելությունը բաց կմնա և կշարունակի աշխատանքը։
Նիգերի ընտրված նախագահ Մոհամեդ Բազումը հուլիսի 26-ից պահվում է իր պահակախմբի անդամների կողմից, որոնց աջակցություն է հայտնել նաև բանակը։ Նիգերի նոր ղեկավար է հայտարարվել նախագահական պահակախմբի ղեկավար, գեներալ Աբդուռահման Տիանին։ Նա հայտնել է, որ հեղաշրջման պատճառ է դարձել երկրում անվտանգային իրավիճակի վատթարացումը, կոռուպցիան և տնտեսական վիճակը։