Դանակահարել էր և դիմել փախուստի. ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդումը ստացվեց հուլիսի 23-ի ժամը 20.38-ին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, կտրած վերք ախտորոշմամբ, բուժօգնության էր դիմել 27-ամյա մի երիտասարդ։
Արաբկիրի ոստիկանների արձագանքը օպերատիվ էր՝ ինչպես միշտ:
Բուժօգնության դիմած երիտասարդը փորձել էր մոլորեցնել բժիշկներին: Ոստիկաններին ներկայացված վարկածը արժանահավատ չթվաց:
Դեպքի որոշ հանգամանքներ հնարավոր եղավ ամբողջացնել Արաբկիրի ոստիկանների պրոֆեսիոնալ և համակողմանի աշխատանքի շնորհիվ։
Պարզվեց՝ ժամը 19.20-ի սահմաններում տուժողը մայրաքաղաքի Սունդուկյան փողոցից իր «ԲՄՎ»-ով եկել էր Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ վեճի էր բռնվել իրեն ծանոթ 34-ամյա գորիսեցի տղամարդու հետ։ Վեճը թեժացել էր: Հարվածներ էին հասցրել միմյանց։ Ամեն ինչ, սակայն, այսքանով չէր ավարտվել. զարգացումները ծավալվել էին Ղափանցյան փողոցում։ Այստեղ շարունակված վիճաբանության և քաշքուկի ընթացքում 34-ամյա գորիսեցին դանակահարելով 27-ամյա տուժողին՝ դիմել էր փախուստի։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 34-ամյա Սիփան Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։