Հանրային սննդի օբյեկտի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունները կասեցվել են. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումերի արդյունքում անհատ ձեռնարկատեր Արմեն Մաիլյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հացի (լավաշի) արտադրամասում (Սյունիքի մարզ, ք. Կապան) հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
– պատերը և մարկերևույթները չեն ունեցել հարթ մակերես, առկա է եղել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն,
– չեն ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների մուտքը արտադրական շինություններ բացառելու միջոցներ,
– բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– սննդամթերքը պահվել է ոչ սննդային արտադրանքի հետ,
– հանրային սննդի օբյեկտն ու հացի (լավաշի) արտադրամասն ապահովված չեն լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով,
– սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (5 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
Հանրային սննդի օբյեկտի և հացի (լավաշի) արտադրամասի արտադրական գործունեությունները կասեցվել են, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: