Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են ԱԹՍ-ների փոխադարձ հարվածների մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են անօդաչու թռչող սարքերով միմյանց տարածքին հարվածներ հասցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Կալուգայի մարզի երկնքում խոցել են ուկրաինական 6 ԱԹՍ։
Միջադեպի հետևանքով մարզում տուժածներ և ավերածություններ չկան։
Կիևի վարչակազմն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են շուրջ 15 ԱԹՍ, որոնք թռչում էին Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Քաղաքում տուժածներ և ավերածություններ չկան։
Օգոստոսի 2-ի երեկոյան Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել էր մարզի երկնքում ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ի խոցման մասին։
Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրվա ընթացքում միմյանց հարվածներ են հասցրել նաև տարբեր այլ զինատեսակներով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Խերսոն քաղաքը հրետանային գնդակոծության է ենթարկվել։ Կրակի տակ է հայտնվել հասարակական տրանսպորտը։ Միջադեպի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հայտնել են Դոնեցկ և Մակեևկա քաղաքների գնդակոծության մասին։