Արցախն այսօր փրկում է մեր անունն ու պատիվը, մահացող երեխաներն են փրկում․ Բագրատ Սրբազան
«Մեր կյանքն այսօր անունի, պատվի և արժանապատվության պայքար է։
Այդ մեծագույն արժեքների կորստյան առջև կանգնելու մասին է՝ անուն և պատիվ։
Աստված մարդուն պատվով և անունով է ստեղծել, դրա համար էլ շիրիմներին ինչքան հնարավոր է մեծ տառերով գրում են անունները, որ գոնե այդպես փորձեն այդ անունը ինչ-որ ձևով կյանքի կոչել՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդն ապրել։ Եվ պատիվ։ Դարձյալ գալիս եմ շիրիմներին․ հազար ու մի ձևով փորձում են այդ անունը ներկայացնել մարդկանց՝ անկախ նրանից, թե որքան պատվով է այդ մարդն ապրել։
Աստված անուն է տվել մարդուն, որպես «մարդ» կոչում և պատիվ է տվել՝ Իր պատվով, Իր նմանությամբ է ստեղծել։
Այս 2-ն են, որ մարդուն մարդ են դարձնում։
Այսօր մեր կռիվը միայն ֆիզիկական, շոշափելի հողի կռիվ չէ, այլ ՀՈԳՈՒ կռիվ է, պատվի կռիվ է, արժանապատվության կռիվ է, արդարությամբ և իրավունքով ապրելու կռիվ է, սերունդներին ժառանգություն թողնելու կռիվ է։ 5 հատ էլ տուն ավելի թողեք, 10 հատ մեքենա ավելի, գույնզգույն ու երփներանգ հագուստներով զարդարեք, վերջանալու են այդ բոլորը։
Մնալու է անունը և պատիվը՝ ինչպես ապրեցիր, ինչ գործեցիր, ինչ անուն վաստակեցիր և ինչ պատվով՝ կոչումիդ համաձայն։
Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում փրկում են հայ ժողովրդի անունը և պատիվը։ Փրկում են բառիս բուն իմաստով, այդ մահացող երեխաներն են փրկում»։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան