Հայ մարզիկները մեկնել են Բելառուս
Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:
Հայաստանի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ, պատվիրակության ղեկավար Դավիթ Բաղումյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել են Մինսկ:
ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակութային համալիրում` «Մինսկ-Արենայում»:
Հատկանշական է, որ ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։
23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում:
Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: