Շրջափակումը բացասական հետևանքներ է թողել նաև ԼՂ անշարժ գույքի շուկայի վրա
ԼՂ շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով: Այս մասին հայտնում են ԼՂ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտենից:
2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ 2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Ստեփանակերտում՝ 45.8%(2022թ. I կիսամյակում՝45.8%): Իրավունքների պետական գրանցումներում բարձր տոկոսաչափ կազմել են ժառանգության գործարքները՝ 29.5%, իսկ ցածր՝ փոխանակության գործարքները 0.4%:
Իրականացվել է 188 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի համեմատ նվազել է 72.8%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի համեմատ՝ 72.7%-ով:
Առուվաճառքի գործարքների գրանցումները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 12.0%-ը (2022թ. II կիսամյակում` 20.3%):
2023թ. I կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում Ստեփանակերտ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ2 մակերեսի հաշվարկով միջինացված արժեքը կազմել է 222,0 հազար ՀՀ դրամ, որը 2022թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 9,1%-ով :
Անհատական բնակելի տների միջինացված արժեքների հաշվարկման համար 2023թ. առաջին կիսամյակում մասնավոր անձանց միջև բավարար քանակով գործարքներ չեն գրանցվել:
Հողամասերի նկատմամբ իրականացվել է 106 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 39 միավորը՝ Ստեփանակերտ քաղաքում:
Գրանցվել է 463 ժառանգության գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի համեմատ նվազել է 62.7%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի համեմատ` 46.3%-ով: